Առաջիկա օրերին տեսնելու եք հետևողական կադրային փոփոխություններ. Արայիկ Հարությունյան
Միայն իմ և մյուս երկու պաշտոնյաների հրաժարականներով չի սահմանափակվելու պրոցեսը: Այս մասին, այսօր՝ հունիսի 6-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի պետնախարար, Արցախի ԱԺ-ում ամենամեծ կուսակցության՝ «Ազատ հայրենիք»-ի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ով այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել երկրի նախագահին:
«Դուք առաջիկա օրերին տեսնելու եք հետևողական կադրային փոփոխություններ»,-ասաց նա:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ պետնախարարի պաշտոնը ժամանակի առումով սահմանափակում էր իր գործունեությունը. «Մյուս կողմից լինելով պետական պաշտոնյա սահմանափակված ես ազատ արտահայտվելու առումով, այդ թվում բարեփոխումների մասին»:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ «Ազատ հայրենիք» խմբակցությունը, որը ամենամեծն է Արցախի ԱԺ-ում, պահանջի ԱԺ նախագահի պաշտոնը, Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ այդպիսի օրակարգ չկա այսօր:
«Նա, ով ինձ փոխրաինելու է, ես լինելու եմ կողքը կանգնած, աջակցելու եմ բոլոր հնարավորություններով»,-վստահեցրեց Արայիկ Հարությունյանը: