Նարեկ Սարգսյանը հանդիպել է ֆրանսիացի քաղաքաշինարարներին և ուրբանիստ- ինժեներներին
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը ճանաչողական այցի շրջանակներում ընդունել է Ֆրանսիայի քաղաքաշինարարների և ուրբանիստ-ինժեներների պատվիրակությանը՝ Հայաստանի քաղաքաշինության ոլորտին ծանոթանալու և հնարավորության շրջանակներում ֆրանսիական փորձը մեր երկրում ներդնելու համատեքստում քննարկումներ կազմակերպելու համար: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Շուրջ մեկուկես ժամ տևած հանդիպում-դասախոսության ընթացքում Նարեկ Սարգսյանը մանրամասն ներկայացրել է և՛ հայ քաղաքաշինության պատմությունը, և՛ ժամանակակից քաղաքաշինության հիմնահարցերը՝ պատասխանելով ֆրանսիացի մասնագետներին հետաքրքրող հարցերին, պարզաբանումներ տալով, թե ֆրանսիացի փորձագետները Հայաստանում որ կոնկրետ թեմայի կամ ուղղության շրջանակում կարող են իրենց մասնակցությունն ունենալ:
Հանդիպման ավարտին երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Ֆրանսիայի քաղաքաշինարարների հանդիպումները պարբերական դարձնելու և հետագա համագործակցության շուրջ: