Պետք է խիղճը կորցնել և բժշկական ծառայություն չմատուցել տարեց մարդկանց. Պատգամավորը՝ ֆինանսների նախարարին
Առաջողապահության ոլորտում հատկացված բյուջեն չի համապատասխանում հիվանդանոցներում կատարված ռեալ ծախսերին: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, ՀՀ Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, մասնագիտությամբ բժիշկ Մարինա Մարգարյանը:
Ի պատասխան ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց. «Եթե անգամ դուք ճիշտ եք ասում, մենք շատ մեծ ընտրություն չունենք, կամ պետք է մտածենք առողջապահության ֆինանսավորումն ավելացնելու ուղղությամբ՝ ի հաշիվ այլ ծրագրերի նվազեցման, կամ պետք է քննարկենք ծածկույթը փոքրացնելու հարցը: Շատ կարեւոր է, թե ինչ ծավալի բեռ ենք մեզ վրա վերցնում. Եթե դա այն է, որը մենք կարող ենք վերցնել, դա նշանակում է, որ պետք է քննարկենք, թե բյուջեի որ ոլորտների հաշվին դա պետք է ֆինանսավորվի, այլապես այդ վտանգը միշտ կա, որ ծառայության արժեքը կարող է չհամապատասխանել իրական տեղի ունեցած գներին»:
Մարինա Մարգարյանն էլ նկատեց, որ որպես կլինիկայում աշխատող բժիշկ, իրենք ստիպված են լինում երբեմն իրենց անձնական նյութերն օգտագործել. «Հիմա էլ համավճար է մտցվել եւ պետք է խիղճը կորցնել եւ ծառայություն չմատուցել տարեց մարդկանց»:
Ատոմ Ջանջուղազյանը նկատեց, որ այս դեպքում պետությունը հանդես է գալիս որպես գնորդ. « Եթե գինը համաձայնեցված է, դրանից հետո ասել՝ վնասով է աշխատում, զգայական դաշտ տեղափոխել, դժվար թե դա հասկանալի լինի պետության տեսակետից»: