Արցախում ծեծի ենթարկված քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում. Ռուբեն Մելիքյան
Արցախում ծեծի ենթարկված քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նա գրել է. «Երեք ժամ առաջ սոցիալական մեդիայում տարածվել է տեղեկություն Արցախի ԱԱԾ մի խումբ զինծառայողների կողմից, «կենցաղային հողի վրա», երկու քաղաքացիների Ստեփանակերտում ծեծի ենթարկելու մասին։
Ժամը 3։30-ին այցելել եմ Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն եւ հերթապահ բժշկից տեղեկացել տուժողների վիճակի մասին։ Ըստ հերթապահ բժշկի՝ երկու տուժողները հոսպիտալացվել են միջին ծանրության մարմնական վնասվածքներով, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, եւ վիրահատության անհրաժեշտությունը տվյալ պահին բացակայում է։
Առավոտյան սեփական նախաձեռնությամբ կսկսենք քննարկման ընթացակարգ, եւ հանդես կգանք հայտարարությամբ»: