Արտակ Զեյնալյանն ու Ռիչարդ Միլսը քննարկել են համագործացության հարցեր
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին:
Ըստ նախարարության հաղորդագրության, նախարարը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների հետ տարբեր ոլորտներում համագործակցությունը եւ շնորհակալություն հայտնել ամերիկյան ժողովրդին Հայաստանին մշտապես ցուցաբերած աջակցության համար:
Դեսպան Միլսը շնորհավորել է Արտակ Զեյնալյանին նշանակման առիթով եւ ընդգծել, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել իրավունքի գերակայության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն հարցերում, որոնք կբարելավեն Հայաստանի գործարար միջավայրը եւ երկիրն առավել գրավիչ կդարձնեն ամերիկյան ներդրողների համար:
«Մենք ողջունում ենք Ձեր նշանակումը եւ ակնկալում ենք բեղմնավոր համագործակցություն»,- ասել է ԱՄՆ դեսպանը եւ հետաքրքրվել Արդարադատության նախարարության առաջնահերթություններով:
Այդ համատեքստում նախարար Զեյնալյանն առանձնացրել է դատաիրավական եւ հակակոռուպցիոն ոլորտներում իրականացվելիք բարեփոխումները, օրենքների, իրավական ակտերի ընդունման գործընթացում հասարակության մասնակցության ակտիվացմանն ու ՔԿՀ-ներում առկա խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաեւ Կառավարության հաշվետվողականության բարձրացման անհրաժեշտությունը:
Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կարեւորությանը՝ արդարադատության նախարարը նշել է, որ Կառավարության նպատակը երկրում օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ձեւավորման ժողովրդավարական սկզբունքների հաստատումն է:
«Մենք հավատում ենք մեր ժողովրդի իմաստնությանը եւ ցանկանում, որ, այսուհետ, հասարակությունն ունենամ հավատ ընտրական գործընթացների եւ արդյունքների նկատմամբ»,- ընդգծել է Արտակ Զեյնալյանը:
Հանդիպման ավարտին նախարարը վստահեցրել է, որ կառավարության՝ բարեփոխումներ իրականացնելու վճռականությունը շատ մեծ է: