Կդժվարանամ պատասխանել՝ արահերթ խորհրդարանական ընտրություններն աշնանը կանցկացվեն, թե ոչ. ԿԸՀ նախագահ
Թե երբ կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները, քաղաքական խնդիր է, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Հարցին, հնարավո՞ր է, որ ընտրությունները այս տարվա աշնանն անցկացվեն, Մուկուչյանն ասաց.
«Ես կդժվարանամ պատասխանել։ Մենք տեղեկացված ենք, որ ակտիվ աշխատանքներ են տարվում Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հետ կապված։ Պետք է տեսնել, թե ինչ ծավալների դրանք կլինեն»։
Նրա խոսքով` այդ բարեփոխումներից հետո համապատասխան ընթացակարգերով ընտրություններ կանցկացվեն:
Անդրադառնալով ռեյտինգային ընտրակարգի շուրջ հնչող քննադատություններին՝ Մուկուչյանն ասաց, որ դրանք նորություն չեն և կիրառվում են շատ երկրներում։
Դիտարկմանը, թե ինչպե՞ս է հնարավոր, որ երկրում լեգիտիմ ընտրություններից մեկ տարի հետո հեղափոխություն է տեղի ունենում, ԿԸՀ նախագահը նշեց.
«Հարցի վերաբերյալ ցանկացած պատասխան հնչեցնելը քաղաքական գնահատական կպարունակի։ Ես ընդամենը կարող եմ ասել, որ ընտրությունների մասին գնահատականները ամրագրված են նաև միջազգային դիտորդական առաքելությունների կարծիքներում»։