Հարկ վճարողների հետ օրենքից դուրս որևէ բանակցություն չի լինելու. ՊԵԿ նախագահը՝ Սամվել Ալեքսանյանի մասին
Հարկ վճարողների հետ օրենքից դուրս որեւէ բանակցություն չի լինելու: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Չգրանցված ոչ մի աշխատող չպետք է լինի, դրա դեմ պայքարը մեր ամենօրյա աշխատանքն է»,-ասաց նա:
Տեղեկություններին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հայտարարել է, որ եթե իր բոլոր աշխատողներին գրանցի եւ բոլոր հարկերը վճարի, հազարավոր աշխատողներ կկորցնեն իրենց աշխատանքը, Դավիթ Անանյանն արձագանքեց. «Ես վստահ չեմ, որ Սամվել Ալեքսանյանը եւ Նիկոլ Փաշինյանը հանդիպել ու նման քննարկում են ունեցել: Եթե այդպիսի հանդիպում եղել է, ես չեմ մասնակցել, եւ ես չէ, որ պետք է մեկնաբանեմ դա»:
Նա պնդեց, որ բոլորը պետք է գործեն հարկային օրենսդրությանը համահունչ. «Եթե այդպես գործելու արդյունքում հարկային մարմնին կից հասարակական խորհրդում եւ ֆինանսների նախարարությունը կից խորհրդում քննարկումներում կպարզվի, որ օրենսդրությունը չի խթանում տնտեսության զարգացմանը, այլ խթանում է չգրանցված աշխատողների պրակտիկայի արմատավորմանը, մենք համապատասխան օրենսդրական փոփոխություններով հանդես կգանք, բայց հիմա գործելու ենք բացառապես օրենքի շրջանակներում: Հարկ վճարողների հետ օրենքից դուրս որեւէ բանակցություն չի լինելու»: