ԵՄ-ի դրամաշնորհներն ու բյուջեի ներարկումները փոշիացվել են անկապ ծրագրերի վրա. Նաիրա Զոհրաբյան
Եվրամիությունից ստացվող դրամաշնորհները, ինչպես նաեւ ԵՄ-ից բյուջեի ներարկումները փոշիացվել են տարբեր անկապ ծրագրերի վրա: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին,ԱԺ-ում 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«2-3 հատ մայկա են տպել հակածխախոտային պայքարի համար, կանանց դեմ բռնությունների համար են ծախսել: Չե՞ք տեսնում անհրաժեշտություն այդ դրամաշնորհների եւ բյուջեի ներարկումների աուդիտի անցկացնելու հարցում»,-հարց ուղղեց Նաիրա Զոհրաբյանը Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին:
Վերջինս պատասխանեց, որ բյուջեի հետ կապված ամեն տարի աուդիտ է արվում, նաեւ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը կա դրա հետ կապված, իսկ բյուջեն շրջանցող դրամաշնորհների հետ կապված աուդիտով պետք է զբաղվեն այն կազմակերպությունները, որոնք այդ ծրագրերում ներգրավված են:
Նաիրա Զոհրաբյանը կոնկրետացրեց, որ խոսքը մասնավորապես Կրթության եւ գիտության նախարարությանը ԵՄ-ից միջին մասնագիտական հաստատությունների համար տրված գումարների մասին է. «Մենք որպես Ախորհրդարան եւ հանձնաժողով, պետք է հասկանանք, թե հսկայական գումարներ ԵՄ-ից գնացել են նախարարությանը կոնկրետ ծրագրեր իրականացնելու համար, ինչու դրանց վրա ստվերայնության հարցական կա տարբեր ՀԿ-ների կողմից»:
Ֆինանսների նախարարը համաձայնեց, որ կարեւոր է վստահության աստիճանը եւ պատրաստակամություն հայտնեց այդ ուղղությամբ ջանքեր գործադրել: