Նախորդ կառավարության մոտեցումը պահպանվել է. քաղաքականությունը պետք է լինի հակացիկլիկ. Ատոմ Ջանջուղազյան
Նախորդ կառավարության որդեգրած զարգացման կոնցեպտը պահպանվել է, դա ճշմարիտ ճանապարհ է: Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2017 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարց ուղղեց, թե նախորդ կառավարության որդեգրած հարկաբյուջետային քաղաքականության հայեցակարգը պահպանվե՞լ է. ««Նախորդ կառավարությունը շեշտադրում էր, որ այս տնտեսական աճը պետք է ծառայի թոշակների եւ աշխատավարձերի բարձրացմանը, եւ որ 100 մլրդ եկամուտ է սպասվում: Նշվում էր, որ դա ուղղվելու է ենթակառուցվածքների զարգացմանը, որպեսզի հետագայում դրա շնորհիվ համապատասխան ճյուղերը զարգանան եւ 2-3 տարի անց հնարավոր լինի բարձրացնել կեսաթոշակները:
Հիմա նոր բերվելիք 2019-ի բյուջեում այդ ակնկալիքով ծախսեր նախատեսվո՞ւմ են, թե ոչ: Կոնցեպտը, որ կար նախորդ կառավարության ժամանակ, պահպանվո՞ւմ է, թե նորովի պետք է մոտենալ»,-հարցրեց Բագրատյանը:
Ի պատասխան Ատոմ Ջանջուղազյանը նախ նշեց, որ 100 մլրդ եկամուտի զգալի մասն արդեն նախատեսված էր 2017-ի ծախսերի մասով, այսինքն դրանք լրացուցիչ մուտքեր չեն. «Լրացուցիչ ծախսերի մասին չենք կարող ասել, որովհետեւ 2017-ի բյուջեի ծախսային մասում նախատեսվել էին օգտագործելու համար: Այո, որպես հարկաբյուջետային քաղաքականության նպատակադրում ներկայացվել է այդպես ու դա ճշմարիտ ճանապարհ է: Դժվար ավելի լավ բան առաջարկենք: Մենք չեն կարող գնալ այն ճանապարհով, որ պարտք վերցնենք ու ընթացիկ ծախսեր ֆինանսավորենք: Դրանով է պայմանավորված այն առաջարկը, մոտեցումը, որը ներկայացվել է 2016-ի եւ 2017-ի բյոջեները քննարկելիս: Մենք 2014-ին ունեցել ենք դժվարությունների երկրորդ ալիքը՝ պայմանավորված ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների հետեւանքները մեղմելու հետ: Տրամաբանությունն այն է, որ հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է լինի հակացիկլիկ, այն պետք է կարողանա հավասարակշռել եւ ճիշտ արձագանքել տնտեսական զարգացումներին»: