7,5% տնտեսական աճով թոշակ չէինք կարող բարձրացնել. Դավիթ Անանյան
Բյուջեով նախատեսված էր մոտ 3 տոկոսի տնտեսական աճ, բայց 2017թ.-ին արձանագրվեց 7,5 տոկոսի աճ: Որքա՞ն գումար է ավելացել բյուջեում: 1 տոկոս տնտեսական աճն ինչքա՞ն փող է բերել բյուջե: Այս մասին ԱԺ-ում 2017թ.-ի բյուջեի կատարողականի ժամանակ հարցրեց խորհրդարանի փոխնախագահ Միքայել Մելքումյանը:
Ի պատասխան՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ 5,5 տրիլիոնի 1 տոկոսը 55 միլիարդ է, որի ոլորտային կառուցվածքն է պետք հասկանալ. «Եթե միջին հարկունակություն վերցնենք, 55 միլիարդի 77 տոկոսի 20 տոկոսը կլինի Ձեր ուզած թիվը, որը գնացել է սպասարկելու բյուջեն»:
Մելքումյանը հարցրեց՝ թոշակ հնարավո՞ր չէր բարձրացնել: ՊԵԿ նախագահը բացասական պատասխան տվեց. «Սրանով թոշակ չէինք կարող բարձրացնել, որովհետև ինքը էական թիվ չէ»:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ ավելացրեց, որ թոշակի բարձրացումը միանվագ տարբերությամբ պայմանավորելը ռիսկ է պարունակում, իրենք պետք է վստահ լինեն, որ թոշակի բարձրացումը ժամանակավոր չի լինելու, երկարատև է լինելու: