Երևանում մեկնարկել է շաշկու միջազգային մրցաշար
Երևանի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահի տարածքում գտնվող Էթիկայի դպրոցում մեկնարկել է ռուսական շաշկու «Հայաստան-2018» անվանումը կրող շաշկու միջազգային մրցաշարը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շաշկու ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, այդ ստուգատեսին մասնակցում են 5 երկրների 36 շաշկիստ, որից 27-ը Հայաստանից են, 6-ը`Ռուսաստանից, 1-ական՝ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Ուկրաինայից:
Յուրաքանչյուր տուրում մրցակիցները երկու հանդիպում են անցկացնում՝ մեկը սպիտակներով, մյուսը` սևերով: Այդ միկրոմրցամարտի հաղթողը ստանում է 1 միավոր, իսկ ոչ-ոքիի դեպքում շնորհվում է կես միավոր:
Արդեն կայացած երկու տուրից հետո 100 տոկոսանոց արդյունքով մրցաշարային աղյուսակը գլխավորում են 8 շաշկիստներ՝ Հայաստանի ներկայացուցիչներ Դավիթ Պողոսյանը, Մարատ Ղուլյանը, Ռուբեն Խաչիկյանը, ռուսաստանցիներ Դմիտրի Մելնիկովը, Յուրի Պրոկոպենկոն, Ալիսա Շիրյաևան, Ռուսլան Պեշչերովը և 11-ամյա Պոլինա Պետրովան:
Այսօր տեղի կունենան հերթական երկու տուրերի հանդիպումները: 3-րդ տուրի կենտրոնական խաղերում միմյանց հետ կմրցեն առաջատարները.
Մարատ Ղուլյան – Դմիտրի Մելնիկով
Դավիթ Պողոսյան – Ռուսլան Պեշչերով
Պոլինա Պետրովա – Յուրի Պրոկոպենկո
Ռուբեն Խաչիկյան – Ալիսա Շիրյաևա