Շղթայական ավտովթար՝ Թումանյան փողոցում. կա վիրավոր
Երեկ՝ մայիսի 27-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 27-ամյա Էդուարդ Բարխուդարյանը իր վարած Mercedes մակնիշի 35 MG 973 համարանիշի ավտոմեքենայով Թումանյան փողոցի թիվ 10 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 80-ամյա Սերգեյ Մինասյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթից հետո Է. Բարխուդարյանը ավտոմեքենայով բախվել է կայանված Mercedes մակնիշի 55 CC 025 համարանիշի ավտոմեքենային, վերջինն էլ, առաջ ընթանալով, բախվել է Mercedes մակնիշի 34 DQ 706 համարանիշի ավտոմեքենային, որն էլ, առաջ ընթանալով, բախվել է Chevrolet մակնիշի 35 LM 365 համարանիշի ավտոմեքենային։ Վրաերթի հետևանքով Ս. Մինասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վրաերթ-վթարի մասին տեղեկությունը Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Գ. Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։