Արտակարգ դեպք Երևանում. ֆեյսբուքյան մեկանաբանության համար երգիչը դաժան ծեծի է ենթարկվել՝ ՀՀԿ-ական դասախոսի եղբոր կողմից (լուսանկարներ)
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտորի գլխավոր խորհրդական, դասախոս Հասմիկ Ափյանի մասին ապրիլի 20-ին առցանց լրատվականներից մեկը նյութ էր հրապարակել, որում նշվում էր, որ Հասմիկ Ափյանը իր ուսանողներին հորդորել է լրատվականների նյութերի մեկնաբանություններում Հանրապետական կուսակցության օգտին մեկնաբանություններ թողնել: Տվյալ նյութի մեկնաբանություններում «ապուշ» բառը գրելու համար Հասմիկ Ափյանի եղբայրը հաշվեհարդար է տեսել մեկնաբանության հեղինակի հետ:
Operativ.am-ի հետ զրույցում երգիչ Էդգար Գևորգյանը նշեց, որ տվյալ նյութի մեկնաբանության համար իրեն Հասմիկ Ափյանի եղբայրը՝ Հայկ Ափյանը, ընկերոջ հետ դաժան ծեծի է ենթարկել:
«Հայկ Ափյանը ինձ հետ կապ է հաստատել ֆեյսբուքի միջոցով, որից հետո հանդիպել ենք Աբովյան փողոցում: Հայկն ու ընկերը առաջարկեցին քայլել «Վայն Հաուզ»-ի կողմ, որտեղ շինարարական աշխատանքներ են ընթանում և մարդաշատ չէ: Նրանք ցույց տվեցին իմ ֆեյսբուքյան մեկնաբանությունը, որտեղ ընդամենը մեկ բառ էի գրել՝ «ապուշ», ու սկսեցին հարվածներ հասցնել»,- նշեց նա, հավելելով, որ հարվածներ ստացել է մարմնի տարբեր հատվածներում, ինչի արդյունքում ստացել է ծանր վնասվածքներ՝ չբացառելով հնարավոր կոտրվածքները:
Էդգար Գևորգյանը դիմել է ոստիկանություն, որտեղ տուժող է ճանաչվել: Ոստիկանությունում դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:
Հասմիկ Ափյան
Էդգար Գևորգյան