Գործարար պատգամավորները պարզապես ուզում են ինչ-որ անձեռնմխելիություն ունենալ, որ կարողանան իրենց շահը պաշտպանել. Լենա Նազարյան
Ես վստահ եմ, որ գործարար պատգամավորներն առանձնապես հետաքրքրված չեն լինի գալ Ազգային ժողով այդ կոճակը սեղմելու համար, եթե ունենան երաշխիքներ, որ իրենց սեփականությանը ոչինչ չի սպառնում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:
«Ուղերձներ ենք հղում հատկապես գործարար պատգամավորներին, մենք ուզում ենք իսկապես տալ երաշխիքներ այդ տնտեսվարողներին, որ նրանք հետաքրքրված չլինեն գտնվել ԱԺ-ում: Նրանք պարզապես ուզում են ինչ-որ անձեռնմխելիություն ունենալ, որ կարողանան իրենց շահը պաշտպանել, բայց եթե մենք հստակ ասենք, որ դուք գործելու եք օրենքի շրջանակում, և որ կլինի մասնավոր սեփականության պաշտպանություն, արդար դատավարություն, եթե ինչ-որ խնդիրներ առաջանան և ձեզ ոչինչ չի սպառնում, եթե ստանան այդ երաշխիքները, գուցե ինչ-որ պահի նաև չցանկանան լինել ԱԺ-ում»,-ասել է պատգամավորը:
Նրա ձևակերպմամբ՝ իրենք բոլոր հարցերի պատասխանները չունեն, ինչպես չեն ունեցել շարժման սկզբին, երբ լրագրողներն իրենց անընդհատ հարցնում էին՝ ինչ է լինելու հետո, ինչ կլինի, եթե այսքան մարդ հավաքվի: «Ըստ իրավիճակի՝ մենք կգտնենք հնարավորինս շահեկան, լավ լուծումներ և կառաջարկենք»: