Լևոն Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոնին և զրկեց մրցանակային տեղից
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում այսօր մեկնարկեց Altibox Norway Chess 2018 շախմատի սուպերմրցաշարը, որտեղ հանդես են գալիս աշխարհի 10 ուժեղագույն շախմատիստները:
Մրցումների առաջին օրը մասնակիցներն իրենց ուժերը փորձեցին կայծակնային շախմատում: Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը բավական վատ մեկնարկեց և առաջին երկու պարտիայում պարտվեց Հիկարու Նակամուրային ու Սերգեյ Կարյակինին: Երրորդ տուրում նա չնայած հաղթեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, սակայն հետագայում ևս երեք պարտություն կրեց և վաստակած 3 միավորով զբաղեցրեց նախավերջին 9-րդ տեղը: Միակ հուսադրող փաստն այն է, որ նա միակ պարտությունը հասցրեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենին և վերջինիս զրկեց մրցանակային տեղից:
Կայծակնային շախմատի մրցաշարում հաղթեց ամերիկացի Վեսլի Սոն, որը վաստակեց 6 միավոր: Նրանից կեսական միավորով հետ մնացին Հիկարու Նակամուրան ու Վիշվանաթան Անանդը:
Վաղը կմեկնարկի հիմնական մրցաշարը: Առաջին տուրի զույգերը հայտնի կդառնան առավոտյան: