Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 35-ամյա վարորդը Toyota Prado-ով տապալել է ծառն ու հայտնվել ձորում. ծառն էլ ընկել է BMW-ի վրա. կա վիրավոր (լուսանկարներ)
Այսօր՝ մայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 12:30-ի սահմաններում, Իջևան քաղաքի բնակիչ, 35-ամյա Գ. Մելքումյանը՝ իր վարած «Toyota Prado» մակնիշի 77 MG 337 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 51 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ բախման հետևանքով ծառը ջարդվել է, իսկ վարորդն էլ մեքենայով հայտնվել է ձորակում:
Ծառի ջարդվելու պատճառով այն ընկել է այդ պահին նշված հատվածով անցնող BMW մակնիշի 35 MZ 714 համարանիշի ավտոմեքենայի վրա:
Վթարի հետևանքով Toyota Prado-ի վարորդը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, մասնատել կոտրված ծառն ու սահմանազատել տարածքը:
Ավտոմեքենան փրկարարների և ճանապարհային ոստիկանների օգնությամբ ձորակից դուրս բերվեց անվտանգ վայր: