Իրանական գազը սահմանին 15 դոլարով թանկ է, քան՝ ռուսական գազը. Նախարար
Իրանական գազը սահմանին ավելի թանկ է, քան ռուսական գազը, այսօր Մեծամորի ատոմակայանում կատարած շրջայցից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։
«Իրանական գազը սահմանի վրա վերջին տվյալներով առաջարկվել է 165 ԱՄՆ դոլար 1000 խմ դիմաց, իսկ ռուսական գազը մենք ստանում ենք 150 ԱՄՆ դոլարով և պլյուս ռուսական «Գազպրոմ» ընկերության կողմից կա 27-28 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագրեր, որը ավելի է էժանացնում ռուսական գազը, քան իրանականը», - ներկայացրեց նախարարը։
Լրագրողի դիտարկմանը, թե սահմանին 150 դոլար է ռուսական գազը, բայց բնակարաններում մարդիկ ավելի են վճարում, նախարարը հրաժարվեց արձագանքել՝ ասելով, որ այս պահին այդ հարցի պատասխանն ինքը չունի։
Այդուհանդերձ, ըստ նախարարի, իրանական կողմի հետ բանակցությունները շարունակվելու են։ Նախարարը նաև ասաց, որ փորձելու են էժան գազի այլ աղբյուրներ ևս փնտրել։