«Շտապողականություն են ցուցաբերում». Բաղդասարյանը՝ ՀՀԿ-ականների հայտարարությունների մասին
Առանձին քաղաքական գործիչների կարծիքները մի համատեղեք քաղաքաքկան ուժի կարծիքի հետ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
«Կարող է գնահատականները մի քիչ խիստ լինեն, բայց եթե այսօրվա կառավարությունը մի քայլ անի, դա կարող է մեկի սրտով լինել, տասի սրտով չլինել։ Ես կառավարության այսօրվա գործունեությանը չեմ ուզում գնահատական տալ», - նշեց նա։
Բաղդասարյանը նկատեց, որ եթե կառավարությունը տվյալ քայլը կատարելու համար հիմքեր ունի, ապա որևէ մեկը չի կարող մեղադրել նրան, իսկ եթե հիմքեր չլինեն, իրենք համապատասխան հայտարարություններ կանեն։
Բաղդասարյանը նաև իր կուսակիցներին կոչ արեց չշտապել հայտարարությունների մեջ՝ ընդգծելով.
«Ամեն ինչ նոր է, քայլեր են կատարվում, հայտարարությունների մեջ մեկ-մեկ շտապողականություն են ցուցաբերում, բայց ամեն ինչ պետք է հիմքեր ունենա, նոր հանրությանը տեղեկացնեն։ Շատ վատ է, որ առանց վերջանական արդյունքի հանրության մեջ աժիոտաժ է առաջանում»։