Հրայր Թովմասյանը հրաժարական չի տա
Սահմանադրական դատարանը երբեք չի համագործակցում որևէ քաղաքական ուժի հետ, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է համագործակցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Սահմանադարական դատարանը իրականացնում է իր գործառույթները», - ասաց նա։
Հարցին՝ իր հեղինակած Սահմանադրության արդյունքում չէ՞ր, որ ապրիլին Հայաստանը նման իրավիճակում հայտնվեց, Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Այն Սահմանադրությունը, որի մշակմանը ես մասնակցել եմ, արժանացել է և հայաստանյան, և միջազգայհին հեղինակավոր կազմակերպությունների բարձր գնահատականին և այս ժամանակահատվածում ևս դեռևս այդ Սահմանադրությունը որևէ խնդիր չի առաջացրել»։
Դիտարկմանը, թե փորձը ցույց տվեց, որ այն Սերժ Սարգսյանի համար գրված Սահմանադրություն էր, Հրայր Թովմասյանն արձագանքեց. «Ինչում դուք սխալվեցիք և իրադարձությունները ցույց տվեցին»։
Հրայր Թովմասյանը լրագրողներին հորդորեց իրեն հարցրեր չտալ, որոնք իրենց մեջ քաղաքական կոմպոնենտ են պարունակում։
«Որովհետև ես դրանց չեմ կարող պատասխանել ու վատ եմ զգում, որ չեմ կարող դրանց պատասխանել», - ասաց նա։
Հարցին՝ հրաժարական կտա, նա պատասխանեց կարճ. «Ոչ»։