Գյուղի «էլիտար» աշակերտը. 17 մլն մեկ աշակերտի կրթության համար (լուսանկարներ)
Գեղարքունիքի մարզի Գեղաքար համայնքի միակ դպրոցը ունի ընդամենը մեկ աշակերտ: Դպրոցը «գոյատևում» է այդ մեկ աշակերտի շնորհիվ, քանի որ չկան փաստացի գրանցված այլ աշակերտներ, ովքեր ամեն օր դպրոց են հաճախում և կրթություն ստանում:
Ստացվում է, որ միակ աշակերտը ստանում է «էլիտար» կրթություն, ինչի համար, Գեղաքարի համայնքապետարանից մեր հարցմանն ի պատասխան նշեցին, որ պետբյուջեից տարեկան տրամադրվում է 17.230 մլն դրամ: Դպրոցում աշխատում է 7 մանկավարժ և 5 վարչական աշխատակիցներ:
Operativ.am-ի ինֆորմացիայով՝ միակ երեխան, ով սովորում է 7-րդ դասարանում, դպրոցի տնօրենի՝ Թագուհի Աթայանի եղբորորդին է և բնակվել է Արարատի մարզի Մասիս քաղաքում, սակայն դպրոցը «փրկելու» համար Աթայանը երեխային բերել է գյուղ: Գյուղապետարանից նշեցին նաև, որ երեխան գրեթե դասի չի հաճախում: Ստացվում է, որ պետբյուջեն անիմաստ վատնելուց զատ,17 միլիոնով երեխային զրկում են նորմալ կրթություն ստանալու հնարավորությունից:
Հավելենք նաև, որ դպրոցի աշխատակիցները, մեզ հասած հեղեկություններով, ստանում են 30-40 հազար դրամ աշխատավարձ: Մեկ տարվա ընթացքում դպրոցի աշխատակիցների աշխատավարձերի վրա ծախսվում է մոտ 6,240 մլն դրամ:
Լուսանկարները՝ Mediamax-ի.