Գարեգին Չուգասզյանը դադարեցրեց հացադուլը
30 օր հացադուլից հետո Գարեգին Չուգասզյանը դադարեցնում է հացադուլը, այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո նա հայտարարեց լրագրողների հետ զրույցում։
Գարեգին Չուգասզյանը շնորհակալություն հայտնեց Փաշինյանին, որ այցելել է իրեն։
Գարեգին Չուգասզյանն ասաց, թե այն պահանջները, որ ինքը ներկայացրել էր հացադուլ հայտարարելու համար, բավարարված է։
Այս մասին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարել՝ տեղեկացնելով, որ Գարեգին Չուգասզյանը դադարել է հացադուլը:
«Ուրախ եմ տեղեկացնել, որ Մատենադարանի մոտ քիչ առաջ տեղի ունեցած մեր հանդիպումից հետո Գարեգին Չուգասզյանը դադարեցրեց հացադուլը»,-ասված է գրառման մեջ։
Գարեգին Չուգասզյանը դուրս էր եկել ընդհատակից և կալանավորվել ապրիլի 24-ին: Նույն օրը նա անժամկետ հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած Հայաստանի գործող ադմինիստրացիան, մինչև սույն թվականի մայիսի 27-ը, անհապաղ նախաձեռնի Հայաստանի բանտերում գտնվող բոլոր քաղբանտարկյալների ազատման գործընթացը:
Նա հույս էր հայտնել, որ մայիսի 28-ի Հայաստանի առաջին հանրապետության անկախության հարյուրամյակի կապակցությամբ լայնամասշտաբ համաներում կհայտարարվի: