Շաքար ներկրել ցանկացողներ էլ կան, ներկրողներ էլ. ՊԵԿ նախագահ
Պետական եկամուտների կոմիտեն չի բավարարվելու դրական տեղաշարժով։ Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
«Չպետք է անձերի հետ կապենք դրական տեղաշարժը։ Այո, վարչապետի հայտարարության հիման վրա դրական տեղաշարժեր եղան, բայց չպետք է դա կապենք ՊԵԿ–ի կամ վարչապետի անձի հետ, մեր նպատակը համակարգային փոփոխություններ իրականացնելն է, որ անձանց չլինելու կամ անձանց փոխարինման պարագայում համակարգերը աշխատեն», - նկատեց նա։
Հարցին, թե շաքար ներկրել ցանկացողներ կա՞ն այս պահին, Դավիթ Անանյանը հաստատեց. «Ցանկացողներ էլ կան, ներկրողներ էլ կան»,–նշեց նա՝ հավելելով, ՊԵԿ–ը մաքսային ծառայության մասով մաքսային ձեւակերպում իրականացնող մարմինն է, եւ այսօր մաքսային ծառայությունը որեւէ ներմուծողի մոտ արհեստական արգելքներ չեն ստեղծում։
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե օլիգարխների հետ օրերս կայացած Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը ՊԵԿ նախագահը ներկա եղել է, գիտի արդյոք, թե ինչ է քննարկվել, որին ի պատասխան Դավիթ Անանյանը նշեց. «Ես ներկա չեմ եղել, չգիտեմ ինչ է քննարկվել, բայց համապատասխան հանձնարարականները ստացել է։ Իսկ հանձնարարությունը շատ պարզ եւ հստակ է եղել՝ ՊԵԿ–ը իր գործունեությունը պետք է իրականացնի օրենսդրության շրջանակներում, չպետք է լինեն գերադասված տնտեսվարողներ, արտոնյալներ»։
Անդրադառնալով ստվերի դեմ պայքարին, Դավիթ Անանյանը նկատեց, որ վերջին 2 տարիներին էլ պայքար ստվերի դեռ իրականացվել է եւ բավականին արդյունավետ, «սակայն չենք կարող պնդել, որ դա եղել է ամբողջական եւ համապարփակ, քանի որ ստվերի դեմ պայքարը առօրեական եւ մշտական խնդիր է, եկամուտների հավաքագրմամբ եւ եկամուտային քաղաքականությամբ զբողվող մարմնի մշտական հսկողության առարկա է։ Նոր իրողությունների պայմաններում ստվերի դեմ պայքարը ավելի արդյունավետ օգտագործելու ավելի հիմնավոր պայմաններ են ստեղծվել, որի մասին էր ասում վարչապետ»։