Քնեսեթում հավանության են արժանացրել Ցեղասպանության ճանաչման բանաձևը խորհրդարանի օրակարգում ընդգրկելու առաջարկը
Քնեսեթի պատգամավորները 16 կողմ, 10 դեմ ձայնով հավանության են արժանացրել «Մերեց» կուսակցության ղեկավար Տամար Զանդբերգի՝ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու մասին բանաձևը Քնեսեթում քննարկելու առաջարկը: Այս մասին հայտնում է «Вести Израиль»-ը:
Ինչպես հաղորդվում է, Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնը հայտարարել է, որ Իսրայելը պարտավոր է ճանաչել Ցեղասպանությունը՝ անկախ Թուրքիայի հետ կապված իրավիճակից: «Մենք պարտավոր ենք կատարել մեր պարտքը որպես հրեաներ և որպես պարզապես մարդիկ: Պարտքը, որի կատարման կոչով արդեն քանի տարի է հանդես եմ գալիս», - ասել է նա:
Տամար Զանդբերգը, որն առաջարկել է Քնեսեթի օրակարգում ներկայացնել Ցեղասպանության ճանաչման բանաձևը, ասել է. «Ճանաչելուց հրաժարվելը ստվեր է գցում Իսրայելի բարոյական կերպարի վրա, հատկապեսոր այդ մերժումը թելադրված է քաղաքական նկատառումներով»: