Խախտվել են ջրամատակարարման կանոնները. «Վեոլիա Ջուր»-ը տուգանվել է 5 միլիոն դրամով
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի մայիսի 23-ի նիստում քննարկել է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին հարցը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցը, որոշել է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Մատակարար) կողմից մի շարք բաժանորդների առեւտրային հաշվառքի սարքերի ապահավաքակցման եւ ստուգաչափման գործընթացը հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378-Ն որոշմամբ սահմանված խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների պահանջների խախտմամբ իրականացնելու համար «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը տուգանել 5 մլն ՀՀ դրամ գումարի չափով։ Միեւնույն ժամանակ Ընկերությանը հանձնարարվեց երկամսյա ժամկետում Ճշգրտել Կանոնների խախտմամբ իրականացված վերահաշվարկները եւ վերադարձնել բաժանորդներից գանձված չհիմնավորված գումարները։ Նույն ժամկետում Ընկերությունը պարտավոր է ուսումնասիրել եւ Առեւտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման, տեղակայման եւ ստուգաչափման կարգի ու ժամկետների խախտման բոլոր դեպքերի համար բաժանորդներին վճարել համապատասխան տուժանքներ։