Արցախը որպես պետություն կամ ադրբեջանական հիստերիայի նոպաները
Բանակցությունների սեղանի շուրջ Արցախը, որպես անկախ պետության դերում հանդես գալու միտքը հանգիստ չի թողնում թշնամի երկրի ղեկավարությանը, որոնք արդեն մի քանի օր է տարբեր մակարդակներով փորձում են իրենց բողոքը արտահայտել այդ հարցի շուրջ:
Սկզբնական շրջանում օգտագործվեց բոլորիս ծանոթ սցենարը՝ պատերազմական գործողություններ սկսելու մասին անիմաստ լուրերով, բայց բախտներս բերեց, որ Ադրբեջանը արդեն հասկացել է, որ պատերազմական դրությունից մենք չենք վախենում, նույնիսկ 2016 թվականի ապրիլից հետո մի բան էլ մենք ենք անհամբեր սպասում, թե երբ ենք վերջ դնելու այս «հրադադարին»: Պատերազմական դրության մասին նյութերը թիթեռնիկի կյանք ունեցան, քանի որ լուրջ ազդեցություն չթողեցին սեփական ժողովրդի և մեզ վրա:
Հիմա էլ , ԵԱՀԿ Մինսկի խմբի պահանջները մատնացույց անելով փորձ է կատարվում Արցախին հեռու պահել բանակցությունների սեղանից, սակայն վերջին փոփոխություններից հետո դեռ պարզ չէ, թե Մինսկի խումբը ինչպես է արձագանքելու բանակցությունների այս վիճակին:
Արցախի, որպես առանձին պետության կարգավիճակով հանդես գալը ունի իր և դրական, և բացասական կողմերը: Բայց անկախ ամեն ինչից Արցախը պետք է աշխարհին հայտնի նաև իր սեփական կարծիքը, իր ներկայացուցչի բառերով:
Իսկ Ադրբեջանը դեռ երկար է հիստերիաների մեջ մնալու ու դեռ երկար կփորձի մտածել այս իրավիճակից դուրս գալու ելքերի մասին:
Աշոտ Ասատրյան. Ֆեյսբուք