Ժամանակն է, որ վրացիներն այն հաճախականությամբ այցելեն Հայաստան, որով հայերն են գնում Վրաստան. Արմեն Սարգսյան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարծում է, որ Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները պետք է շարունակեն խորանալ տարբեր ոլորտներում: Այս մասին նա ասել է այսօր՝ լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով մայիսի 25-ին Վրաստան նախատեսվող այցին:
«Կարծում եմ` Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները դրական են: Հույս ունեմ, որ այն օրերին, երբ ես կրկին ծառայում եմ մեր պետությանը, այս հարաբերությունները կխորանան: Մենք համագործակցության մեծ ներուժ ունենք: Երկու ժողովուրդները երկար տարիներ միասին են աշխատել: Ըստ իս` երկու երկրների միջև հարաբերությունները պետք է խորանան տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական»,- ասել է Արմեն Սարգսյանը՝ շեշտելով, որ ժամանակն է` վրացի ընկերները, բարեկամներն այն հաճախականությամբ այցելեն Հայաստան, որով հայերն են գնում Վրաստան: