Պետք է ապահովել փաստաբանին խուզարկելու անթույլատրելիության վերաբերյալ օրենսդրության գործադրումը. ՄԻՊ
Պետք է ապահովել իր մասնագիտական գործությունն իրականացնելիս փաստաբանին խուզարկելու անթույլատրելիության վերաբերյալ օրենսդրության լիարժեք գործադրումը: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, ԱԺ-ում «2017թվականի ընթացքում ՀՀ ՄԻՊ-ի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը ներկայացնելիս նշեց ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը:
Նրա խոսքով, զննության տեխնիկական միջոցների բացակայությունը որևէ կերպ չի կարող նվազեցնել փաստաբան-վստահորդ արտոնյալ հաղորդակցության և փաստաբանական գաղտնիքի պաշտպանվածությունը:
«2017-ին դատարաններում առկա պրակտիկան վկայում է, որ դատական կարգադրիչների կողմից առանձին դեպքերում հաշվի չեն առնվել փաստաբանների արդարացի պատճառաբանությունները և նրանց վստահորդների իրավունքների ոտնահարման բարձր ռիսկը:
Իմ հաղորդման մեջ բացասական գնահատականի է արժանացել դատարանների խորհրդի որոշումը՝ կապված դատարանների շենք արգելված իրերի ցանկի և մի շարք այլ կարգավորումների հետ»,-նշել է Թաթոյանը: