Ընդդիմություն ենք, սակայն գոտկատեղից ներքև հարվածներ չեն տալու. Շարմազանով
ՀՀԿ-ն պատրաստ է ցանկացած հարցի, այդ թվում Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկման. այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ փոխնախագահ, «Հանրապետական» կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Խմբակցության պատգամավորներից ամեն մեկն իր կարծիքը կարող է ունենալ, ես մնում եմ այն կարծիքին, որ տարածքային ցուցակները ավելի ժողովրդավարական են, քան համամասնական բաց ցուցակը, որը կուսակցության մի քանի անդամ է որոշում»,-ասաց նա:
ԱԺ փոխնախագահը հավելեց՝ Փաշինյանի կառավարությանն իրենք ընդդիմություն են, սակայն գոտկատեղից ներքև հարվածներ չեն տալու, լինելու են կառուցողական ու պետականամետ ընդդիմություն:
Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշիյանի հայտարարությունը՝ ԼՂ հակամարտության հետ կապված:
«Փաշինյանի տեսակետը ՀՀԿ դիրքորոշման հետ չի համընկնում, բայց ցանկացած բանակցություններում ես աղոթելու եմ նրա հաջողության համար: Նիկոլ Փաշինյանն իմ երազած վարչապետը չի, բայց ցանկացած բանակցություններում ես նրա մեջքին կանգնած եմ, որովհետև ինքն իմ պետության վարչապետն է։ Թող Ալիևն էլ, Էրդողանն էլ իմանան.. իմ երկրի վարչապետի հետ ես խորը գաղափարական և քաղաքական տարաձայնություններ ունեմ, բայց ես իր յուրաքանչյուր հանդիպման ժամանակ աղոթելու եմ, որ ինքը հաջողի», - նշեց Շարմազանովը։
ԱԺ փոխխոսնակը շեշտեց, որ եթե Նիկոլ Փաշինյանը հաջողի բանակցություններում, դա նաև կնշանակի Հայաստանի հաղթանակը, որն իրենք միայն կողջունեն։
«Իսկ այն հայտարարությունը, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, շատ ողջունելի է, որովհետև մենք դրա մասին շատ ենք խոսել», - եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։