Որոշ ապրանքատեսակներում գների նվազման միտում կա. Արմեն Պողոսյան
«Քանդելու, վերափոխելու շրջանն ավարտվեց, հիմա կառուցելու ժամանակն է»,- Այս մասին լրագրողների հոետ հանդիպմանը ասաց սպառողների ասոցիացիա հ/կ նախագահ Արմեն Պողոսյանը՝ հավելելով‚ որ ինքը ևս «ոգեշնչված է հեղափոխությամբ»:
Անդրադառնալով սննդի անվտանգության, շուկայի վերահսկողության տեսչությունների աշխատանքին՝ Արմեն Պողոսյանն ասաց, որ այդ աշխատանքը ավելի շատ համարում է «չաշխատանք»: Նա նշեց, որ մանկապարտեզներից երեխաները հայտնվում են հիվանդանոցներում, ու պետք է հետևողական լինել պատճառները կանխելու համար:
«Այդ տեսչությունները պետք է ավելի լայն հնարավորություն ունենան ստուգումներ իրականացնելու՝ դպրոցներում, մանկապարտեզներում: Մեր նպատակը պատժելը չէ, այլ այն, թե ինչ է արվում, որ նման դեպքեր չլինեն»,-ասաց նա:
Անդրադառնալով առանց համապատասխան մակնշման խնդիրներին, Արմեն Պողոսյանն ասաց, որ նման դեպքերն ամեն դեպքում նվազել են:
«Սնունդը՝ առանց համապատասխան մակնշման, արդեն վտանգ է իրենից ներկայացնում, բայց տարիներ առաջ այդ խնդիրը 90 տոկոս էր կազմում, հիմա կարելի է ասել՝ 60 տոկոս է: Այսինքն` առաջընթացը կա, բայց հեռու է բավարար լինելուց»,-ասաց նա:
Խոսելով գների նվազեցման մասին՝ «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահն ասաց, որ որոշ ապրանքատեսակներում գների նվազման միտումներ կան, և խոսքն առայժմ գնում է շաքարավազի, բանանի և գյուղմթերքի գների մասին։
«Ամեն քաղաքական հայտարարություն ունենում է տնտեսական հետևանքները: Վարչապետի հայտարարությունները չէին կարող դրական չազդել»,-ասաց նա:
Չնայած դրան՝ նա սխալ համարեց, որ վարչապետը կոնկրետ տնտեսական աճի թիվ չի նշել, ինչը, ըստ նրա, խոսում է հեռանկարի բացակայության մասին: