Որևիցե շեղում չի լինելու օրակարգից. Տիգրան Բալայանը՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասին
Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կազմակերպման հետ կապված օրակարգից որևէ շեղում չի լինելու, չնայած որ ՀՀ ներքաղաքական կյանքով պայմանավորված՝ կազմակերպչական հարցերում փոքր-ինչ գրաֆիկից հետ էին ընկել: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
«Նիկոլ Փաշինյանի հետ քննարկումները, որ երեկ եղան, ու տրված հստակ հանձնարարականները թույլ են տալիս ասել, որ որևիցե շեղում չի լինելու օրակարգից, ինչպես գագաթաժողովի շրջանակներում ծրագրված միջոցառումներից, այնպես էլ փաստաթղթային, բովանդակային առումով», - ասաց նա:
Նա հիշատակեց, որ Երևանում նախատեսվում է ընդունել Ֆրանկոֆոնիայի հիմնարար փաստաթղթերից մեկը` «Ապրել միասին» երևանյան ակտը, և դրա շուրջ ևս արդեն քննարկումները ծավալվում են:
«Կազմակերպչական հարցերի առումով ևս պատկերացում կա, և որպես անձ, որը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի վերջին 4-5 գագաթաժողովներին, կարող եմ ասել, որ մեզ մոտ տարվող նախապատրաստական աշխատանքները հստակ պատկերացում են տալիս, որ ամեն բան լավ է անցնելու», - ասաց նա: