Լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտած անձի ինքնությունը պարզվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Ավանի վարչական շրջանի տարածքում 2018թ. ապրիլի 20-22-ին տեղի ունեցած բռնությունների բոլոր հանգամանքները, մասնակից անձանց ինքնությունը: Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտած անձանցից մեկի ինքնությունը պարզվել է:
Քննչական բաժնում ստացվել եւ վարույթ է ընդունվել Ավանում 2018թ. ապրիլի 20-22-ին տեղի ունեցած միջադեպերի՝ քաղաքացիների ավտոմեքենաները վնասելու, «Հանրային Ռադիո» ընկերության եւ «Սիվիլնեթ»-ի լրագրողների գործունեությունը խոչընդոտելու, քաղաքացիական հագուստով, որոշ դեպքերում՝ նաեւ դիմակավորված անձանց կողմից անկարգություններ կատարելու դեպքերի առիթով ոստիկանությունում հարուցված 6 քրեական գործ:
Նշված բոլոր քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, մշակվել է քննչական պլան, ձեռնարկվում են մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ բռնությունների բոլոր դրսեւորումները բացահայտելու ուղղությամբ: Ձեռնարկված միջացոռումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել ապրիլի 22-ին Երեւանի Ավան վարչական շրջանում գործող «Ֆորդ» սերվիսի մոտ «Հանրային Ռադիո» ընկերության աշխատակցի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտած անձի ինքնության վերաբերյալ, ով հայտնաբերվել է եւ հարցաքննվել: Կասկածյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է, քննության առարկա են դարձվել նշված դեպքերի վերաբերյալ առկա տեսագրությունները, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ տրվել ոստիկանության ստորաբաժանումներին: