Չկա մի հարց, որ պատրաստ չենք քննարկել, մենք լայնախոհ քաղաքական ուժ ենք. Շարմազանովը՝ ռեյտինգային համակարգի փոփոխության մասին
Չկա մի հարց, որը մենք պատրաստ չենք քննարկել, մենք լայնախոհ քաղաքական ուժ ենք, պատրաստ ենք մեր կարծիքները բանավեճերի, քննարկումների արդյունքում ներկայացնել ու պնդել: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով «Ընտրական օրենսգրքի» փոփոխությանը և ռեյտինգային համակարգի վերացմանը: Շարմազանովը շեշտեց, որ իրենք՝ որպես խորհրդարանական մեծամասնություն, պատրաստ են լսել կառուցողական առաջարկություններ:
«Երբ «Ընտրական օրենսգիրքը» կգա, փոփոխության առաջարկները կգան ԱԺ, կմտնեն հանձնաժողով, այս ընթացում մենք կիրականացնենք լսումներ, կիրականացնենք ներկուսակցական ու ներֆրակցիոն քննարկումներ, այդ քննարկումների արդյունքում կտանք վերջնական ու պաշտոնական դիրքորոշում: Կարծում եմ՝ որևէ կառավարության, ընդդիմության, իշխանության մենաշնորհը չէ «Ընտրական օրենսգրքի» բարեփոխումը:
ԸՕ-ն կարևոր օրենսգիրք է, որի ընդունումն ու բարեփոխումը բխում է բոլորիս շահից։ Բայց մենք պետք լսենք բոլորի կարծիքները, կարծում եմ՝ նաև բազմաթիվ քննարկումներ կանենք, իսկ քննարկումների արդյունքում կընտրվի վերջնական տարբերակը»,- ասաց նա:
Շարմազանովը նշեց, որ տեղյակ է՝ հասարակական սեկտորն արդեն իսկ լծվել է ԸՕ-ի մշակման գործընթացին, սակայն այս պահին տեսակետ ասելը ժամանակավրեպ է համարում, քանի որ նյութին մանրամասն չի տիրապետում: Էդուարդ Շարմազանովը շեշտեց, որ «Ընտրական օրենսգրքով» մաքուր ռեյտինգային համակարգ չի ամրագրված, այլ համամասնականի տարածքային ցուցակ է, որը, ըստ նրա, խոչընդոտ չի եղել ընտրություններում որևէ դրական արդյունքի հասնելու համար: Նա նկատեց, որ վերոնշյալը ոչ միայն իր, այլև միջազգային դիտորդական առաքելության ներկայացուցիչների տեսակետն է:
«2017թ.-ի ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններն իրենց արդյունքով պահպանել են ժողովրդավարական դրույթները, համապատասխանել են Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին, և որևէ դիտորդական առաքելության որևէ ներկայացուցիչ հարցականի տակ չի դրել ընտրության արդյունքները: Որևէ միջազգային պրոֆեսիոնալ կառույց չի ասել, որ ռեյտինգային համակարգը խնդիր է առաջացրել: Զուտ սուբյեկտիվ կարծիք ասեմ, այն է, որ չկա պրոֆեսիոնալ համակարգ, որ բոլորը միանշանակ կասեն՝ սա լավ է, սա վատն է, աշխարհում չկա, քանի որ մի երկրում կա համամասնական համակարգ, մյուսում՝ ոչ, և այլն»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը
Մանրամասները՝ այստեղ: