Ժողովուրդն արդեն վստահում է կառավարությանը. Գևորգ Գորգիսյանը՝ կուտակային կենսաթոշակային համակարգի մասին
Կուտակային կենսաթոշակային համակարգը պետք է լինի կամավորության սկզբունքով: Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց «Ելք» դաշինքի օատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
«Մենք որ շարժումը սկսել էր, ասում էինք՝ Կուտակային կենսաթոշակային մոդելը շատ լավ կիրառում ունի աշխարհում, բայց էն տարբերակը, որ բերվում էր Հայաստան, աբսուրդ էր և դրա դեմ պայքարում էինք ու պահանջում, որ լինի կամավոր»,-ասաց Գևորգ Գորգիսյանը:
Նա հավաստիացրեց, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը նույնպես այդ կարծիքին է:
«Մենք ժամանակին աշխատել ենք դրա վրա, հիմա այլ իրավիճակ է, կքննարկենք տիկին նախարարի հետ և կհասկանանք: Մի իրավիճակ էլ է փոխվել, որ ՀՀ քաղաքացիները վստահում են կառավարությանը: Ես վստահ եմ, որ Թանդիլյանի ցանկացած որոշում լինելու է հիմնավոր: Թանդիլյանի հայտարարությունից կարելի է վստահ լինել, որ սկզբունքները պահպանվում են»:
Նշենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը և «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը «Դեմ եմ» շարժման ակտիվիստներից էին, որոնք պայքարում էին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ներդնելու դեմ:
Ըստ օրենսդրության, այս տարվա հուլիսի 1-ին կուտակային կենսաթոշակային համակարգը պարտադիր պետք է դառնա բոլորի համար: Մինչ այդ այն պարտադիր էր միայն պետական ընկերությունների աշխատակիցների համար: