ՊՊԾ գնդի գործով մեղադրյալներին դատարանից տեղափոխելու ժամանակ միջադեպ չի գրանցվել. ԱԱԾ տնօրեն
ՀՀ ոստիկանությունը ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալներին դատարանից կալանավայրեր է տեղափոխել մայիսի 18-ի գիշերը՝ առանց որևէ միջադեպի: Լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանն այս մասին ասաց Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով նրան, որ դատարանը շրջափակել էին զինված խմբի կողմնակիցները: «Օրեր առաջ զինված խմբի անդամների հերթական դատական նիստն էր: Պաշտպանները դիմել էին՝ խափանման միջոցը փոխելու հետ կապված: Դատարանը չի կարող հենց այնպես փոխել նրանց կարգավիճակը, քանի որ նրանք գրավել են ՊՊԾ գունդը, որի հետևանքով զոհվել է երեք ոստիկան: Դատարանը պետք է իր դատաքննությունն իրականացնի և պարզի բոլոր հանգամանքները: Նրանց ազգականները, քաղաքական կողմնակիցները ևս համաձայն են, որ նրանց ազատ արձակելու հարցը առանց դատաքննության չի լուծվելու»,- ասաց Վանեցյանը:
ԱԱԾ տնօրենը հիշեցրեց, որ զինված խմբի մոտ հիսուն կողմնակիցներ վերջին օրերին շրջափակել էին դատարանի շենքը, իսկ «Սասնա ծռեր»-ի անդամները գիշերում էին դատարանի խցերում: «Գիշերը ոստիկանությունը որոշում է կայացրել տեղափոխել այդ մարդկանց: Խմբի անդամները ևս պահանջել են՝ իրենց տանել կալանավայրեր, քանի որ դատարանի խցերում նորմալ պայմաններ չկան, անգամ քնելու համար: Ոստիկանությունը համապատասխան միջոցներ է ձեռնարկել և գիշերը նրանց տեղափոխել: Ուժի կիրառում չի եղել, մեծ քանակությամբ ոստիկաններ միջանցք են կազմել և զինված խմբի անդամներին տեղափոխել»,- ասաց Վանեցյանը: