Ամփոփվեցին զորավարժությունների արդյունքները. ամփոփմանը ներկա էր նաև Դավիթ Տոնոյանը (լուսանկարներ)
Մայիս 19-ին Հադրութի մշակույթի տանը ամփոփվեցին մայիսի 14-ից 19-ը հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում Արցախի հարավային ուղղությամբ տեղակայված զորավարժարաններից մեկում մարտական կրակի կիրառմամբ անցկացված օպերատիվ-մարտավարական զորավարժությունների արդյունքները:
Ամփոփմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, բարձրաստիճան այլ սպաներ:
Առաջին բանակային զորամիավորման, ՊԲ հարավային ուղղությամբ գործող միավորման և ենթակա զորամասերի ներգրավվածությամբ անցկացված զորավարժության թեման էր «Հակառակորդի հանկարծակի հարձակման հետմղումը, զորքերի բերումը մարտական պատրաստականության բարձր աստիճանի, պաշտպանական օպերացիայի վարումը» : Մարտական հրաձգությամբ զորավարժությունն անցկացվեց երեք փուլով՝ ընդգրկելով նաև մարտավարական և բանակային ավիացիա:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ողջունեց ներկաներին, շնորհավորեց զորավարժությունների հաջող անցկացման կապակցությամբ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշեց, որ դեռևս ըստ ուղղությունների ծանոթանում է իրավիճակին, սակայն առաջիկայում հանգամանալից կներկայացնի իր և նոր կառավարության տեսլականը:
Օրվա աշխատակարգի հրապարակումից հետո գլխավոր շտաբի պետը ներածական խոսքում անդրադարձավ զորավարժության անցկացման առանձնահատկություններին ու նպատակներին և նշեց, որ, ընդհանուր առմամբ, գոհ է արձանագրված արդյունքներից:
Այնուհետև համապարփակ զեկույցով հանդես եկավ ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը: Նա նշեց, որ անցկացված զորավարժությունների համար ստեղծվել էր այնպիսի օպերատիվ-մարտավարական իրադրություն, որը համապատասխանում է տարածաշրջանային հավանական զարգացումներին և զորքերի մարտական խնդիրներին: Տիրան Խաչատրյանը մանրակրկիտ վերլուծեց առանձին դրվագներ, իսկ արձանագրված ձեռքբերումներից կարևորեց գումարտակների հրամանատարների՝ մարտը սեղմ ժամկետներում կազմակերպելու կարողությունը, նաև ՝ անձնակազմի անծանոթ տեղանքում և իրադրությունում արագ կողմնորոշվելու ունակությունը: Գեներալ-մայորը վեր հանեց նաև նկատված բացթողումներն ու թերացումները, որոնք մանրամասն կվերլուծվեն առաջիկայում:
Արդյունքների ամփոփման ավարտին մի շարք զինծառայողներ արժանացան պատվոգրերի և նվերների: