Կարևոր է Արցախի հաջողությունները միջազգային հանրությանը հասանելի դարձնելը. Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ ԱԳ նախարարին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 19-ին ընդունել է ՀՀ Արտաքին գործերի նորանշանակ նախարար Զոհրաբ Մնացականյանին: Այս մասին տեղեկացրին ԱՀ Ազգային ժողովի լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնից:
Կարճատեւ առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով:
Խորհրդարանի նախագահը շնորհավորել է նախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ կարեւորել նրա առաջին այցը Արցախ՝ երկու հայկական հանրապետությունների արտաքին քաղաքական օրակարգի հերթական քննարկման եւ առկա մարտահրավերների շուրջ համահայկական ներուժը կենտրոնացնելու տեսանկյունից:
«Մաղթում եմ, որ առաջիկա տարիներին արտաքին քաղաղաքական օրակարգում ամրապնդվեն այն հաջողությունները, որ ձեռք ենք բերել, եւ նախանշվեն նոր ուղղություններով մեր անելիքները»,- ընդգծել է Աշոտ Ղուլյանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ արտաքին գործերի նախարարը նշել է. «Ինձ համար շատ էական է այս նոր կարգավիճակում ստանալ ձեր պատգամը եւ շարունակել այն աշխատանքը, որ այս տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախի Հանրապետությունը միասին կառուցել են համազգային նպատակներն առաջ տանելու համար»:
Կողմերը մտքեր են փոխանակել խորհրդարանական դիվանագիտության ընձեռած հնարավորությունների եւ Արցախում այդ ուղղությամբ կատարվող աշխատանքների, միջազգային կառույցներում Արցախի ներկայացվածության, ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ինչպես նաեւ համահայկական օրակարգի այլ հարցերում Սփյուռքի դերի, տարբեր երկրների հետ Արցախի համագործակցության եւ այլ հարցերի շուրջ: Երկուստեք կարեւորվել է պետականաշինության բնագավառում Արցախի Հանրապետության հաջողությունները միջազգային հանրությանը հասանելի դարձնելու անհրաժեշտությունը:
Հանդիպմանը մասնակցել են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը եւ նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը: