Նիկոլ Փաշինյանի տղան առանձնատանը հանդիպել է Սերժ Սարգսյանին, ինքը՝ ոչ
Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ, ասաց, որ առանձնատան մեջ գտնվող ամեն ինչ պետական գույք է, իրենց ընտանիքի անձնական գույքն այնտեղ չէ: Տեսնելով իր կրտսեր աղջկան՝ Արփիին, Նիկոլ Փաշինյանը կատակեց. «Սա իմ անձնական երեխան է»:
Փաշինյանը նաև ցույց տվեց իրենց հարևանությամբ գտնվող այն առանձնատները, որտեղ ժամանակին բնակվել են Կարեն Դեմիրճյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, հետագայում նաև՝ Ռոբերտ Քոչարյանը:
Վարչապետը հեռվից նաև ցույց տվեց այն տունը, որտեղ ապրում է Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ ինքն այս ընթացքում երբեք չի հանդիպել Սերժ Սարգսյանին. «Այն օրն Աշոտը՝ տղաս, անցնելիս տեսել է Սերժ Սարգսյանին»:
Փաշինյանը հավելեց, որ երեկ զբոսնելիս տարածքում երկու շնագայլ են տեսել. «Ինչը շատ հետաքրքիր էր, տարածքն այնպիսին է, որ վայրի կենդանիներն իրենց նույնպես այնքան լավ են զգում, ինչքան բարձրաստիճան պաշտոնյաները»: