Արտահերթ ընտրությունները, հավանաբար, կանցկացվեն աշուն-ձմեռ հատվածում. Ա. Սիմոնյան
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն այսօր «Ազատության» հետ զրույցում կարծիք է հայտնել, թե արտահերթ ընտրությունները կանցկացվեն հնարավորինս արագ՝ բայց ոչ մինչև սեպտեմբեր՝ զուտ տեխնիկական խնդիրները հաշվի առնելով:
«Կարծում եմ՝ աշուն-ձմեռ հատվածում», - արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների վերաբերյալ ասել է Ալեն Սիմոնյանը:
Նրա կարծիքով, մինչև արտահերթ ընտրությունները պետք է փոխել Ընտրական օրենսգիրքը, հրաժարվել այսպես կոչված ռեյտինգային համակարգից:
«Կարևոր է նաև ընտրությունները կազմակերպել այնպիսի ձևով, որ որևիցե մեկի մոտ, անկախ նրանից, թե ինչ արդյունք կգրանցի, կասկած չլինի ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Եվ այո, դրա համար ժամանակ է պետք: Բայց միևնույն ժամանակ մենք ստանձնել ենք պարտավորություն, որ ընտրությունները մաքսիմալ արագ են տեղի ունենալու», - ասել է պատգամավորը: