Էռնեկյանի ընկերությունում զանգվածային թունավորումների դեպքով քրգործ է հարուցվել
Արմավիրի մարզում արձանագրված զանգվածային թունավորումների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի (Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում) հատկանիշներով։ Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Նրա խոսքով, նշանակվել են դատաբժշկական եւ դատասննդային փորձաքննություններ՝ թունավորման պատճառը պարզելու համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նախօրեին սննդային թունավորմամբ հիվանդանոց են տեղափոխվել Արմավիրի մարզի Արեւադաշտ գյուղի մերձակայքում խաղողագործությամբ զբաղվող «Հայաստանի հողեր» ընկերության շուրջ 90 աշխատակիցներ: Ընկերությունը պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին:
Տուժածներից մեկը մեր թղթակցին պատմել է, որ ճաշին ընկերության բոլոր աշխատակիցները՝ շուրջ 200 մարդ, հավի մսով եւ պանրով բուտերբրոդներ են կերել: Շուրջ մեկուկես ժամ անց նրանց մեծ մասի ինքնազգացողությունը գրեթե միաժամանակ վատացել է:
Նրանք գանգատվել են սրտխառնոցից, փսխումից, ջերմությունից, լուծից, գլխապտույտից:
Հիվանդներից 20-ը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ 30-ը՝ տեղափոխվել Մեծամորի բժշկական կենտրոն: Մասնագետները ջրի, սննդի փորձանմուշ են վերցրել կազմակերպությունից, որտեղ աշխատում են տուժողները՝ թունավորման պատճառը պարզելու համար: