Իսրայելի գիտության նախարարը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Իսրայելի գիտության նախարար Օֆիր Ակունիսը, մեկնաբանելով Թուրքիայի հետ ներկայիս լարված հարաբերությունները, հայտարարել է, որ Իսրայելը «պետք է մեկուսացնի Թուրքիային միջազգային ասպարեզում և բացահայտի Էրդողանի հակասեմական դեմքը»:
Ինչպես տեղեկացնում է Times of Israel-ը, Ակունիսը նշել է, որ թուրք նախագահը «նեո-ֆաշիստ է եղել, որն ատում է Իսրայելը և միշտ ցուցադրել է դա»:
Բացի այդ, իսրայելցի նախարարը նաև հայտարարել է, որ Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը և ակտիվացնի գործողություններն Էրդողանի և Թուրքիայի դեմ միջազգային ասպարեզում:
Այս հարցի շուրջ ելույթ է ունեցել նաև Իսրայելի նախկին ԱԳ նախարար Դորի Գոլդը՝ անդրադառնալով Էրդողանի հայտարարությանը, որով թուրք առաջնորդն Իսրայելին մեղադրում էր ցեղասպանություն իրականացնելու մեջ:
«Ինչ Իսրայելն անում է համապատասխան արձագանքն է: Եթե Էրդողանը խոսում է Իսրայելի կողմից իրականացվող ցեղասպանության մասին, ինչն անհեթեթություն է, ապա մենք կխոսենք Հայոց ցեղասպանության մասին»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Իսրայելի կրթության նախարար և Անվտանգության խորհրդի անդամ Նաֆտալի Բենեթն այսօր ավելի վաղ ևս կոչ է արել երկրի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը: