Մենք ոչ հեղափոխական ենք, ոչ հակահեղափոխական, ոչ էլ ռևանշիստներ. Շարմազանով
Հանրապետական կուսակցության կողմից որևէ սաբոտաժ չկա։ Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
«ՀՀԿ-ն եղել և մնում է Հայաստանի անկախ պետականության հիմնասյուներից մեկը։ ՄԵնք շարունակելու ենք գործել հօգուտ ՀՀ և Արցախի անվտանգության։ Մենք ոչ հեղափոխական ենք, ոչ հակահեղափոխական։ Ավելին, մենք ռևանշիստներ էլ չենք»,- ասել է նա։
«Որևէ սաբոտաժ մեր կողմից չկա։ Որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀԿ-ն որևէ հարցում սաբոտաժ է անում»,- ասել է նա և հավելել. «Մենք նախկինում շատ ենք մեղադրել մեր ընդդիմախոսներին, որ նրանք իրենց կուսակցության շահը գերադասել են պետության շահերից։ Մեզ համար ՀՀ կայունությունը, ներքին անվտանգությունը, արտաքին մարտահրավերներին դիմագրավելն ամենակարևորն է։ Մենք չենք արել և չենք անի քայլեր, որոնք կվտանգեն մեր ժողովրդին»։
Դիտարկմանը, թե Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ իր կողմնակիցներին է հանել փողոց, շարմազանովը պատասխանել է. «Նա ընտրվել է, կա մարդիկ, որ դեմ են նրան, կան նաև այնպիսիք, որոնք կողմ են։ Կա իշխանության տարանջատման սկզբունք, և որևէ մեկը չի կարող ճնշում բանեցնել ընտրովի մարմնի վրա։ Անկախ նրանից ընտրված մարմինը ՀՀԿ-ական է, «Ելք»-ից է, թե ԲՀԿ-ական»,- ասել է Շարմազանովը՝ հիշելով ժողովրդավարության մասին. «Հուսով եմ, որ նոր գործադիր իշխանույթւոնը կգիտակցի, որ պետք է պաշտպանի այն ազատությունները, որ եղել են մեր օրոք, այլև ամրապնդի ժողովրդավարական ձեռքբերումները»։