Հայաստանը չի կարող բանակցել Ղարաբաղի փոխարեն, Հայաստանը ներքաշված կողմ է. Շավարշ Քոչարյան
Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ ներքաշված կողմ է: Մի քանի լրագրողի հետ զրույցում այս մասին ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ խոսելով ծավալվող հեռակա բանավեճի մասին՝ արդյոք Հայաստանը հակամարտող կողմ է, թե ոչ:
Վերջինս նշեց, որ 1994թ.-ին ստորագրվել է ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիր, որին Հայաստանը ևս միացել է:
«Այս տեսանկյունից Հայաստանը ներքաշված կողմ է: Չմոռանանք, որ ժամանակին հավակնություններ ուներ Էլչիբեյը Սևանի նկատմամբ, Զանգեզուրի նկատմամբ: Այն, ինչ այսօր հայտարարում է Ադրբեջանի նախագահը, նոր չէ: Իրենք ոչ միայն հավակնություններ ունեն, այլև գործողություններ են կատարում: Այնպես որ մենք ներքաշված կողմ ենք, բայց հակամարտության հիմնական կողմերը Ղարաբաղն ու Ադրբեջանն են»,- ասաց Շ. Քոչարյանը:
Ըստ նրա՝ Հայաստանը չի կարող բանակցել Ղարաբաղի փոխարեն, դրա մասին միշտ ասվել է: