Հերացի փողոցում տեղի ունեցածի մեղավորները պետք է պատժվեն. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ քաղաքական պրոցեսների ընթացքում տեղի ունեցած հարձակումներին:
«Մենք դեպքեր ենք ունեցել, որ մեքենաներ են ջարդվել ինչ-որ անձանց կողմից, ես ակնկալում եմ, որ շատ արագ այդ գործերը քննվեն, այդ հարձակումների հեղինակները պարզվեն», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին:
Նա ընդգծեց, որ պետք է լուծել նաև տուժած քաղաքացիների հարցերը:
«Նրանց ավտոմեքենաները ջարդվել են և պետք է հասկանալ, թե ինչպես է ու ով է այդ պատասխանատվությունը կրելու, բացի այդ, համապատասխան ընթացակարգերով պետք է այդ գործերը բացահայտվեն», - ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն խոսեց նաև Հերացի փողոցում տեղի ունեցած հայտնի միջադեպի մասին:
«Հիմա պարզվում է, որ գործ է հարուցվել կամ չի հարուցվել ու արդյունքում կարճվել է, ես կարծում եմ, որ այս գործելակերպին պետք է վերջ տանք, երբ որ ինչ-որ արտոնյալ մարդկանց հանդիպելով՝ մենք ի սկզբանե ելնում ենք այն կանխավարկածից, որ այդ քրեական գործերը պետք է կարաճվեն», - ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ կլինեն շատ հստակ ուղերձներ:
«Ես ակնկալում եմ, որ ստուգվի կարճման օրինականությունը, որովհետև եթե այն հրապարակումները, որ մամուլում գրվում է, համապատասխանում են իրականությանը, ակնհայտ է, որ այդ կարճման որոշումն օրենքի հետ որևէ կապ չունի», - ասաց նա:
Արձագանքեց նաև առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, ով խոսեց «Երևան սիթի» սուպերմարկետի մոտ տեղի ուենցած հարձակման դեպքից, երբ հարձակվել էին Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջած ցուցարարների վրա: Նա ասաց, որ այս հարցին ևս պետք է ոստիկանությունը ուշադրություն դարձնի:
«Ընդհանրապես, մեր սկզբունքը հետևյալն է՝ մեր երկրում բռնությունը որպես գործիք պետք է բացառվի, բացառված է բռնության որևէ դեպք, որն ամբողջական ու մինչև վերջ քննության չարժանանա», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ պետք է ունենալ բռնությունից զերծ հանրություն: