Արմեն Սարգսյանը նամակով դիմել է Արա Բաբլոյանին
Aysor.am-ի տեղեկություններով, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը նամակով դիմել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրման հարցով:
Նամակում, մասնավորապես, ասված է. «Սույն թվականի մարտի 23-ին պաշտոնավարման ժամկետի լրանալու կապակցությամբ դադարել են Սահմանադրական դատարանի անդամ Գագիկ Հարությունյանի լիազորությունները: Սահմանադրության 213-րդ հոդվածի համաձայն, Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրման իրավունքը տվյալ պարագայում վերապահված է Հանրապետության Նախագահին:
Ելնելով Ազգային ժողովում նախորդ թեկնածուի ներկայացման ժամանակ հնչած առաջարկներից և քննադատությունից, ինչպես նաև այդ հարցով իմ ունեցած բազմաթիվ հանդիպումներից՝ եկել եմ այն եզրահանգման, որ թեկնածություն ներկայացնելիս անհրաժեշտ են հստակ խորհրդակցական մեխանիզմներ և ընթացակարգեր: Կարևորում եմ նաև հավուր պատշաճի քննարկումները իրավաբանական հանրության ներկայացուցիչների, ինչպես նաև շահագրգիռ այլ կողմերի հետ: Տեղեկացված եմ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության ընթացակարգերի վերաբերյալ հասարակական կազմակերպությունների մտահոգություններին և առաջարկներին:
Կարևորելով վերոշարադրյալը, ես պատրաստ եմ լսելու իրավաբանական հանրության ներկայացուցիչների կարծիքները՝ Սահմանադրական դատարանի բարձր դերին համապատասխանող դատավորի թեկնածությունների վերաբերյալ և Ազգային ժողովին առաջադրել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու:
Որպես Հանրապետության նախագահ, որի հիմնական առաքելությունը Սահմանադրության պահպանմանը հետևելն է, վստահեցնում եմ, որ կձեռնարկեմ անհրաժեշտ բոլոր քայլերը ողջամիտ ժամկետներում այդ առաջադրումը կատարելու համար»: