Ստեփանակերտ-Շուշի ճոպանուղի է կառուցվելու
Ավարտման փուլում են Ստեփանակերտ-Շուշի ճոպանուղու նախագծային աշխատանքները, որի շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել առաջիկայում՝ բարեգործական միջոցներով: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, ԱՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանն Ազգային ժողովում ասել է ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանը՝ կարեւորելով որ այն ծառայելու է ոչ միայն որպես Ստեփանակերտ-Շուշի տրանսպորտային միջոց, այլ նաեւ զբոսաշրջության խթանման համար լուրջ գործոն է հանդիսանալու:
«Շուշիում նախատեսում ենք նաեւ ունենալ ժամանակակից հանգստի գոտի, որտեղ լինելու է երեխաների համար ատրակցիոնների հարուստ ձեւավորում: Զբոսաշրջության ոլորտում մեծ աշխատանք է տարվում ենթակառուցվածքների սպասարկման ոլորտը տեղանքին հարմարեցնելու ուղղությամբ, ինչը բերելու է փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանը: Ծրագրի արդյունքում ակնկալվում է, որ ավելանալու է Արցախ այցելող զբոսաշրջիկների թիվը եւ նրանց մնալու օրերի քանակը»,- նշել է Ա. Հարությունյանը: