Տպավորված եմ Ճապոնիայում տարբեր ոլորտներում տեղ գտած առաջընթացով. Գարեգին Բ-ն՝ Էյջի Տագուչիին
Մայիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պրն. Էյջի Տագուչիին:
Հանդիպմանը Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց դեսպան Տագուչիին` պաշտոնավարման ժամանակահատվածում հայ-ճապոնական հարաբերությունների զարգացմանն ուղղված նրա ջանքերի եւ արդյունավետ գործունեության համար:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաեւ արձանագրեց, որ մեծապես տպավորված է Ճապոնիայի կյանքի տարբեր ոլորտներում տեղ գտած առաջընթացով, ինչպես նաեւ երկրի առջեւ ծառացած դժվարությունների ու մարտահրավերների հաղթահարման գործում ժողովրդի կողմից դրսեւորած տոկոնությամբ եւ արիությամբ:
Իր հերթին դիվանագիտական առաքելությունն ավարտող դեսպանն ուրախությամբ փաստեց, որ ինքն առաջին դեսպանն է, որի նստավայրը եղել է Հայաստանի Հանրապետությունում, ինչը նպաստել է երկու երկրների միջեւ կապերի առավել զարգացմանը: Վերջինս նաեւ շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին այն համագործակցության եւ զորակցության համար, որ ցուցաբերվել է հայ-ճապոնական մշակութային կապերի զորացման գործում:
Վերջում Նորին Սրբություն Գարեգին Բ Կաթողիկոսը հաջողություններ մաղթեց դեսպանին իր հետագա գործունեության մեջ:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: