«Պատրաստ ենք քննադատել անգամ վարչապետի աշխատանքը». Աննա Հակոբյանը՝ անելիքների և իրենց կյանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին
Ազատություն TV-ի ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, նշեց, որ ի հակառակ տարածված կարծիքների, ինքը չի թողնելու գլխավոր խմբագրի աշխատանքը, մնալու է նույն տեղում, պատրաստ են քննադատել անգամ վարչապետի աշխատանքը, եթե դրա կարիքը լինի: Նաև նշեց, որ թերթը բաց է բոլորի համար՝ անկախ քաղաքական պատկանելիությունից:
Խոսելով իրենց կյանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին՝ Աննա Հակոբյանը նշեց, որ առայժմ փոխվել է միայն տունը, իրենք տեղափոխվել են, ապրում են Սերժ և Ռիտա Սարգսյանների ու արդեն նախկին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ընտանիքների հարևանությամբ:
Հարցեր հնչեցին նաև այն մասին, թե որպես երկրի ղեկավարի կին, կշարունակի արդյո՞ք Ռիտա Սարգսյանի նախաձեռնած բարեգործական ծրագրերը, որոնք, կարծես թե, փլուզման եզրին են: Աննա Հակոբյանը նշեց, որ որպես լրատվամիջոց նախկինում այդքան էլ չեն մանրամասնել Ռիտա Սարգսյանի գործունեությունը, հիմա ինքը պետք է ուսումնասիրի այդ բոլոր ծրագրերն ու առաջացած խնդիրները: