Ոստիկանը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է. հարուցվել է քրգործ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՔՀԲ ավագ օպերլիազոր Արտյոմ Սերոբյանն ավտոմեքենայով երթեւեկելիս խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները եւ վրաերթի ենթարկել հետիոտնին, ով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
ՀՔԾ-ից հայտնում են, որ 2018թ. փետրվարի 16-ին` ժամը 23:30-ի սահմաններում, Ա. Սերոբյանն իր անձնական օգտագործման Օպել Աստրա մակնիշի ավտոմեքենայով Երեւան-Երասխ ավտոճանապարհի Արտաշատ քաղաքի հատվածով ընթանալիս, ունենալով այդ ժամանակ ճանապարհի երթեւեկելի մասը հատող հետիոտն Յաշա Բուրչիյանին հայտնաբերելու եւ տեխնիկական տեսակետից վրաերթը կանխելու հնարավորություն, ժամանակին չի դանդաղեցրել ավտոմեքենայի ընթացքն ու միջոցներ չի ձեռնարկել ավտոմեքենան կանգնեցնելու ողղությամբ:
Փոխարենը Ա. Սերոբյանն ավտոմեքենան վարել է նույն արագությամբ, հնարավորություն չի տվել հետիոտն Յ. Բուրչիյանին դուրս գալ վտանգավոր գոտուց եւ վրաերթի է ենթարկել նրան:
Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար Արտյոմ Սերոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար: