Փաշինյանի և Պուտինի հանդիպումը ծանոթության բնույթ է կրում և բոլոր հարցերի լուծում սպասել պետք չէ. Թևան Պողոսյան
Սոչիում կայանալիք Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը ծանոթության բնույթ է կրում և բոլոր հարցերի լուծում սպասել պետք չէ։ Այս մասին հայտարարել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ, նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը՝ մայիսի 14-ին՝ լրագրողների հետ հանդիպմաը։
Նրա խոսքով՝ միջպետական համաձայնագրերի իրականացումը խոսում է երկրի կանխատեսելիության և ժողովրդի պատվի մասին.
«Եթե ինչ–որ բանի հետ համաձայն չեք, պետք է ժամանակի ընթացքում բանակցությունների միջոցով փոփոխել։ Բայց ինչ ստորագրված է, պետք է կատարվի»,–շեշտել է Պողոսյանը։
Միաժամանակ, նա հիշեցրել է, որ ամեն երկիր առաջ է մղում իր շահերը և դրանով է ղեկավարվում. «Մենք պետք է սովորենք ղեկավարվել մեր շահերով՝ չնայելով, թե ով ինչ է պահանջում։ Լինել խելացի դիվանագետ։ Եթե մենք գիտենք, որ մեր շահերի առաջմղման համար պետք է ինչ–որ մեկի հետ համագործակցել, ապա պետք է դա անել»: