Թբիլիսիում վերսկսել են բողոքի ակցիաները (տեսանյութ)
«Սպիտակ աղմուկ» հասարակական շարժման ակտիվիստները վերսկսել են ցույցերը Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ ապրիլի 9-ի ողբերգության զոհերի հիշատակի հուշարձանին ծաղիկներ դնելով, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։
Ցուցարարները բողոքում են գիշերային ակումբներում իրականացրած հատուկ գործողության դեմ և պահանջում են, որ վարչապետը հանդես գա հայտարարությամբ: Իսկ Ռուսթավելիի պողոտայում էլ հավաքված են «քարթուլի մարշի» շարժման անդամները և քաղաքացիներ, որոնք հայտարարում են, որ պաշտպանում են ապրիլի 9-ի հուշահամալիրը:
Ցուցարարներին հսկում են ոստիկանները, որոնք հնարավորություն չեն տալիս տարբեր ցույցերի մասնակիցներին մոտենալ միմյանց:
Հիշեցնենք՝ մայիսի 11 լույս 12-ի գիշերը իրավապահ մարմինները հատուկ գործողություն էին իրականացրել Թբիլիսիի երկու ակումբներում՝ ձերբակալելով թմրանյութեր վաճառելու մեջ կասկածվող 8 անձի, իսկ ակումբում գտնվող մյուս անձանց դուրս էին բերել։ Այս գործողությունը բողոքարկելու նպատակով Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի նախկին շենքի առջև ակցիա էր կազմակերպել «Սպիտակ աղմուկ» կազմակերպությունը: Երիտասարդները վրաններ էին տեղադրել, ակումբային երաժշտությունն էին միացրել և գիշերել այնտեղ: